Արմինֆո. Հայ-ռուսական զորավարժությունները որևէ մեկին հղված ուղերձ չեն։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին "Ալագյազ" հրձգարանում "Կովկաս-2020" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է միացյալ զորախմբավորման հրամանատար, գեներա մայոր Տիգրան Փարվանյանը։
Նրա խոսքով, այդ զորավարժությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընթացիկ տարվա ռազմական համագործակցության ծրագրի իրագործումն են, որը մշակվել է դեռեւս 2020 թվականի սկզբին Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարության հետ: Փարվանյանը նաեւ արձանագրել է, որ այս կարգի զորավարժություններ Հայաստանը եւ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում անցկացնում են առնվազն 2-3 անգամ, սակայն նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված են եղել որոշակի ճշգրտումներ մտցնել փոխգործակցության ծրագրում:
Խոսելով, ընդհանուր առմամբ, այս օրերին անցկացվող զորավարժությունների մասին, զորախմբավորման հրամանատարն արձանագրել է, որ դրանցում ներգրավված են եղել 102-րդ ռուսական ռազմակայանի, ՀՀ զինված ուժեր տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև սահմանապահ զորքեր: Նրա ասելով, այսօր ավարտվել է սեպտեմբերի 21-ին մեկնարկած զորավարժությունների կրակային փուլը, որոնք կավարտվեն սեպտեմբերի 26-ին։ "Զորավարժություններին գնահատական կտրվի դրանց ավարտից հետո, իսկ աչքի ընկած զինծառայողները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով: Ըստ սցենարի ՝ հակառակորդը խախտել է պետական սահմանը և անցել մեր տարածք։ Համակարգված փոխգործակցության շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր, եւ պետական սահմանի ամբողջականությունը վերականգնվել է: Այսօրվա փուլը, ընդհանուր առմամբ, բավարար եմ գնահատում, իհարկե, եղել են թերություններ, բայց դրանք զգալի չեն, և զորքերի առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են", - ասել է Փարվանյանը։
Պատասխանելով լրագրղների հարցերին՝ միացյալ զորքերի հրամանատարը նշել է, որ զորավարժությունների ընթացքում նոր զինատեսակներ չեն օգտագործվել, օգտագործվել է սպառազինություն, որով զինված է բանակը, եւ որը լավ տիրապետում է եւ ծանոթ է զինծառայողներին: Ընդ որում, նա հավելել է, որ օգտագործվել են մարտ վարելու նոր տարրեր, սակայն չի մանրամասնել, թե հատկապես որ տարրերի մասին է խոսքը: Նա նաեւ ընդգծել է, որ զորավարժությունների նպատակը միասնական հրամանատարության ներքո ուժերի փոխգործակցության ներդաշնակեցումն է: "Մեր զորքերի փոխգործակցությունը ես բարձր եմ գնահատում։ Բոլոր ուժերը գործել են ներդաշնակ և համակարգված, դրված նպատակները իրագործվել են", - եզրափակել է Փարվանյանը:
Նշենք, որ "Կովկաս-2020" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում մարտական մարտավարական գործողությունների խաղարկության ընթացքում ռուսական ռազմակայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության տանկային անձնակազմերը եւ հրետանային հաշվարկները կատարել են կրակային խնդիրներ: Երկու երկրների հրետանային ստորաբաժանումները "Գվոզդիկա" ինքնագնաց հաուբիցների մարտական զենքերից եւ քարշակվող "Սանի" ականանետերից ռադիոլոկացիոն եւ հրետանային հետախուզության միջոցների օգտագործմամբ խոցել են պայմանական հակառակորդի թիրախները ՝ փակ կրակային դիրքերից մինչեւ 5 կմ հեռավորության վրա: Տանկերի անձնակազմերը կիրառել են ժամանակակից զինված հակամարտությունների մարտական փորձը ՝ ոչնչացնելով պայմանական հակառակորդի զրահատեխնիկան՝ օգտագործելով "տանկային կարուսել", "քոչող տանկ" եւ "տանկ հետախույզ" տակտիկական հնարքները: Կրակի ճշգրտումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: Զորավարժություններին մասնակցել են նաեւ Մի-8ՄՏՎ դեսանտագրոհային եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաեւ ՄիԳ-29 կործանիչներ:
Այս տարի ՌՀՇԶ-ի առանձնահատկությունն այն է, որ այն իրականացվում է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված հակահամաճարակային միջոցառումների խիստ պահպանման պայմաններում: Բոլոր մասնակիցները կգտնվեն բժշկական մասնագետների հսկողության ներքո ։
"Կովկաս-2020" զորավարժության շրջանակներում Հայաստանում ներգրավված է ավելի քան 1,5 հազար մարդ, եւ գործի է դրվել մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային եւ անօդաչու ավիացիան: