Արմինֆո. Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք։ Այս մասին սեպտեմբերի 24-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
<Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից: Ինչի՞ հետ է կապված: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժունակության ավելացման հետ: Եվ ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակին վերաբերում: Մեր դիրքորոշումը շարունակվում է մնալ նույնը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ, և այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից: Իհարկե, նաև վարչական մեթոդներ պետք է շատ խստորեն կիրառել, և պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:
Բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր՝ կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն: Այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել: Իհարկե, հուլիսին մենք ծավալել էինք հիվանդանոցային շատ մեծ կարողություններ: Հիմա այդ կարողությունների մեծ մասն արդեն վերադարձել են իրենց նախկին բնականոն վիճակին, բայց նաև պատրաստ են ցանկացած պահի ետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը>,- ասել է վարչապետը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշել է, որ այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես ծավալած 1230 սովորական և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտավորապես 30 տոկոսը դեռևս մնում է ազատ, այսինքն՝ ազատ մահճակալներ շատ կան: <Ընդհանրապես մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է միայն դրա համար նախատեսված 5 հիվանդանոց և ևս 3-ը նեղ մասնագիտացված՝ շատ փոքր թվերով, երեխաների, նորածինների և հղիների համար: Սակայն, ինչպես Դուք նշեցիք, այո, և, ի սկզբանե էր այդպես պլանավորված, ցանկացած պահի կամ 1-2 օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը, որը ցանկանում եմ հիշեցնել՝ մոտավորապես 2700-2800 սովորական մահճակալ էր և 300 վերակենդանացման, նորից կարող է գործի անցնել:
Իհարկե, մեր բոլորիս՝ կառավարության, գերատեսչությունների և մեր ազգաբնակչության գործողությունները պետք է միտված լինեն դա թույլ չտալու, ինչպես նախկինում: Եվ ցանկանում եմ ևս մեկ փաստ հնչեցնել. հիշում եք՝ մենք ասում էինք, որ մեզ մոտ այդ պահին եղած հիվանդների ամենաբարձր թիվը հուլիսի 6-ի շրջանում էր: Հիմա փաստացի այնպես է ստացվել, որ ամենացածր թիվն էլ մեզ մոտ եղել է սեպտեմբերի 11-ին, և սեպտեմբերի 11-ից մինչ օրս արդեն աճում է: Այսօրվա թիվը, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն տենդենցն սկսվել է սեպտեմբերի 11-ից, նոր չէ, և այո, պայմանավորված է թե՛ շարժունակության մեծացմամբ, թե՛ համաճարակային կանոնները պահելու կարգապահությամբ: Ինչպես մենք միշտ նշում ենք, միայն կանոնն ինքնին կարևոր է, իհարկե, բայց կարգապահությունն առավել կարևոր է: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության և ռազմավարության շրջանակում մենք պետք է շարունակենք կրել դիմակներն այնտեղ, որտեղ հնարավոր է, այսինքն՝ գրեթե ամենուր, բացառությամբ սնվելու պահերին, պահել սոցիալական հեռավորությունը և հաճախ լվանալ ձեռքերը:
Ցանկանում եմ նաև հնչեցնել, որ, իհարկե, կան գործոններ, որոնք մի փոքր դժվար են կառավարվում, օրինակ՝ հասարակական տրանսպորտում խիտ երթևեկությունը, որը տարածման ուղիղ ռիսկի գործոն է, դպրոցների բացումը, որն, իհարկե, մենք փորձել ենք հնարավորինս մեղմել՝ նոր կանոններ դնելով, բայց անխուսափելիորեն կարող է բերել: Այս թվերը մենք դեռևս չենք պայմանավորում դպրոցներով, դեռևս, որովհետև դպրոցները բացվել են 10 օր առաջ: Բայց եթե մոտակա մեկ շաբաթվա մեջ կտրուկ, սրանից էլ ավելի աճ լինի, արդեն կապելու ենք դպրոցների հետ, և խոսքը միայն դպրոցի ներսում եղած փոխանցման մասին չէ: Դպրոցները և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից են՝ աշխատանք և ուսում, ինչը փաստացի չկար երկար ժամանակ, և դա մենք ավելացրել ենք՝ իհարկե, գնահատելով ռիսկերը: Ու պետք է իրավիճակին հետևելով, այո, ինչպես նշեցիք, թույլ չտանք հասնել կարմիր գծերին, բայց անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշումներ կայացնենք>,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շարունակում է մնալ նույն տեսակետին, որ, ըստ էության, այս պատմության ավարտին բոլոր երկրներն էլ մոտավորապես նույն իրավիճակում են լինելու՝ պլյուս-մինուս մի քիչ: <Իհարկե, բացառությամբ այն երկրների, ովքեր այնքան ռեսուրս կունենան, որ մինչև պատվաստանյութի ստեղծումը կունենան խիստ սահմանափակումներ պահելու ռեսուրս: Եվ զարգացումները դա են ցույց տալիս: Ըստ էության, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Սա շատ կարևոր հանգամանք է:
Եվ կա ևս մեկ գործոն, որը չեմ կարող չնշել. Հայաստանի կառավարությունը՝ կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է, այսինքն՝ մենք որևէ թիվ այս ընթացքում չենք փոխել ընդհանրապես: Այն, ինչ գիտենք մենք, գիտի Հայաստանի հանրությունը և ամբողջ աշխարհը՝ այն տարբերությամբ, որ կարող է մենք մի քանի ժամ ավելի շուտ գիտենք, քան մյուսները:Շարունակելով թեման՝ կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ, և այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը>,- ասել է վարչապետը։