Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի շահագործման կողմնակիցների սակավաթիվ բողոքի ակցիան:
Հավաքվածները, ներկայանալով Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ, հայտարարել են, որ որոշ պատգամավորներ աջակցում են կանաչ ակտիվիստներին` քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: Մասնավորապես, հնչեցվել են <Լուսավոր Հայաստան> կուսակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի, ինչպես նաև <Բարգավաճ Հայաստանը> ներկայացնող Նաիրա Զոհրաբյանի անունները ։ Ամուլսարի պաշտպանությանն ուղղված նրանց գործունեությունը ցուցարարների կողմից գնահատվել է՝ որպես պղտոր ջրում ձուկ որսալու փորձ, քանի որ, նրանց խոսքով, Ամուլսարի հանքավայրը ոչ մի էկոլոգիական ռիսկ չի պարունակում: Ակցիայի մասնակիցները քննադատության են ենթարկել նաև կանաչ ակտիվիստներին եւ Ամուլսարի պաշտպաններին, որոնք, նրանց գնահատմամբ, փոքրամասնություն են կազմում՝հանքավայրի շահագործման կողմ հանդես եկեղ տեղի բնակիչների համեմատությամբ։
<Ամուլսարի հանք> նախաձեռնող խումբը ներկայացնող ցուցարարները կանաչ ակտիվիստներին աջակցող մի շարք խորհրդարանականների նամակներ են ուղարկել՝ պահանջելով աջակցել համայնքներին, այլ ոչ թե՝ անօրինականությանը: Իրենց դիրքորոշումը նրանք հիմնավորել են այն բանով, որ Lydian Armenia ընկերությունը նոր աշխատատեղեր է ստեղծում տեղի բնակիչների համար, մինչդեռ Ամուլսարի պաշտպանները խոչընդոտում են ընկերության գործունեությանը ՝ երկու տարվա ընթացքում փակելով դեպի հանք տանող ճանապարհները:
Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 10 տարի եւ 4 ամիս: Ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի: Հավելենք, որ Lydian Armenia-ն բրիտանական օֆշորային Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է: Բնապահպաններն ու շարքային քաղաքացիները մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի եւ Սեւանա լճի հանքային ստորերկրյա ջրերի աղտոտմանը: Բացի ջրային ավազանից, հանրության մտահոգությունն է առաջացնում նաև հանքավայրում ուրանի երեւակումների հնարավոր առկայությունը։ Բնապահպաններն ու ակտիվիստները պահանջում են անվավեր ճանաչել ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ դրական եզրակացությունը, քանի որ այն ընդունվել է օրենսդրական խախտումներով, իսկ բուն փաստաթղթում առկա են բացթողումմներ և թերություններ: