Արմինֆո. Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգության հետևանքով, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ Քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ստուգումներ է սկսել ալկոգելի շուկայում: Մասնավորապես, Տեսչական մարմնի ջանքերով նախապես վաճառքից հանվել են մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության ենթարկվել այդ խմբաքանակներից վերցված փորձանմուշները:
<Փորձաքննության արդյուքները ցույց են տվել, որ վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և փորձաքննության ենթարկված ալկոգելերը չեն պարունակում մեթիլ սպիրտ կամ մարդու կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր>,- նշվում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հաղորդագրությունում։