Արմինֆո. Հայաստանի անկախության երաշխավորը հայ ժողովուրդն է և նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը։ Այս մասին Եռաբլուր պանթեոն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ։
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ գոյություն չունեն՝ Տոնոյանը պատասխանել է․ <Եթե չի բանակցում, նշանակում է՝ չունեն։ Բա ինքն իրեն հո չի մեղադրելու, մեղադրում է հայկական կողմին>։ Շնորհավորելով Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը՝ պաշտպանության նախարարն ասել է․ <Մեր ժողովրդին մաղթում եմ ուժ և տոկունություն՝ հաղթահարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր և կանխատեսելի են, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածը միայն արդար է>։