Արմինֆո.2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
<Ուրախ եմ, որ Խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը: Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքի խորհրդարանին հատկացման հնարավորությունը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով: Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն>,- գրել է նա։