Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Դեյվիդ Հոֆմանը (David Hoffman): Այդ մասին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։
Հայտնի է, որ Հոֆմանը մինչեւ վերջերս աշխատել է Վրաստանում։ 2012-2013թթ. նա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության զարգացման գծով տարածաշրջանային տնօրենն էր Միջին Ասիայում: Ավելի վաղ աշխատել է Աֆղանստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության կազմում։ Զբաղվել է ժողովրդավարացման և կառավարման հարցերով։ Ավարտել է Սթենֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների բակալավրիատը և Կալիֆորնիայի համալսարանի դոկտորանտուրան: