Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ով նախօրեին <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու <Լուսավոր Հայաստանի> նախաձեռնության քննարկման ժամանակ <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունը հայտարարել էր, որ նույնպես միանում է այդ պահանջին: Նախարարի գործունեությունը խիստ քննադատության է ենթարկվել երկու խմբակցությունների կողմից, և իր եզրափակիչ ելույթում Հարությունյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ նշելով, որ կրթական նոր չափորոշիչներն <ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն>։
Մինչդեռ Փաշինյանը Facebook-ի իր էջում համերաշխություն է հայտնել Հարությունյանին։ <Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել>,- գրել է վարչապետը։
Հավելենք, որ այսօր խորհրդարանում տեղի կունենա Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկություն: