Արմինֆո. Խորհրդարանական մեծամասնությունն այսօր Սահմանադրական դատարանի դատավորներ է ընտրել այն մարդկանց, ովքեր ոչնչով չեն տարբերվում ՍԴ նախկին դատավորներից։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ "Նախկին իշխանությունների կամքն իրագործած մարդկանց փոխարինեցին կաշառակերով՝ ԲՈՒՀ-ի դասախոս, գիտական և դատավոր, ով նախկին իշխանությունների դրածոն է, ինչպես նաև շատ թույլ իրավաբան", - նկատել է պատգամավորը:
Բաբաջանյանը նշել է, որ այդ դատավորներին ընտրել է այն խորհրդարանական մեծամասնությունը, որը երկու տարի առաջ հրապարակում մարդկանց խոստացել էր արմատական բարեփոխումներ իրականացնել Հայաստանի դատաիրավական համակարգում: "Փաստացի՝ դուք ոչինչ չեք հասել: ՍԴ-ն մնաց այնպիսին, ինչպես կար, բայց՝ նոր անդամներով։ Դա եղել է իշխանության գիտակցված ընտրությունը: Նրանք դավաճանել են իրենց խոստումներին և Հայաստանի ժողովրդին։ Բայց ես իմ կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ձեզ հետ միասին շարունակելու եմ պայքարը Հայաստանի դատաիրավական համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Դատավոր-կոռուպցիոներները և խամաճիկային դատարանները չպետք է տեղ ունենան մեր երկրում։ Բարեփոխումներն այս համակարգում շատ ավելի կարևոր են, քան այս կամ այն քաղաքական ուժի քաղաքական նախապատվությունները", - եզրափակել է պատգամավորը։
Նշենք, որ այսօր խորհրդարանն ընտրել է Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորների. Երվանդ Խունդկարյան, Արթուր Վաղարշյան և Էդգար Շաթիրյան։