Արմինֆո. Սեպտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։
Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: <Ես ուզում եմ դուք ընկալեք, որ ամեն ժամը, որ անցկացնում եք դպրոցի պատերի ներսում եւ ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն թե ինչպես եք անցկացնում, դրանով որոշվում է, թե ինչպես եք ապրելու դուք: Ինչպես են ապրելու ձեր երեխաները, ձեր ընտանիքները: Ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, պսպղան առարկաներ, այլ ուզում եմ, որ ձեր առջեւ նպատակ դնեք երջանիկ լինել ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Այս պարագայում, հավաստիացնում եմ, մնացած նյութականը կստեղծվի այնպես, որ ինքներդ էլ չեք նկատի: Ես ուզում եմ, որ երջանկությունը լինի ձեր ամենակարեւոր ձեր նպատակը: Ես ուզում եմ, որ երջանկություն պարգեւելը լինի ձեր ամենակարեւոր առաքելությունը: Ես գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք, ձեր ծնողների երազանգքները հենց այդպիսին են>,- ասել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև երկրում առկա համաճարակաբանական իրավիճակին ՝ նշելով, որ աշակերտների ուսերին է դրված առաքելություն ՝ անվտանգության միջոցների պահպանման միջոցով պատասխանատվություն կրել իրենց հարազատների և մտերիմների առողջության համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի դպրոցներում այսօրվանից վերսկսվել են պարապմունքները ։ Դպրոցական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցվել էին մարտին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Աշակերտների հետագա ուսուցումն իրականացվում էր հեռավար ռեժիմով ։