Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ն առաջարկում է ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանի թեկնածությունը: Նշենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո:
Իր ելույթում Արկադի Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Մանե Թանդիլյանին կատարած աշխատանքի համար, ով հատուկ տեղ է զբաղեցրել երկրի քաղաքական դաշտում: Ա.Խաչատրյանը նշել է, որ ամենայն պատասխանատվությամբ է ընդունում խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր առաջադրումը, որն, ըստ էության, ամենակարևորն է: Հանձնաժողովի աշխատանքների ճիշտ կազմակերպումը կնպաստի երկրի խորհրդարանի դերի բարձրացմանը: Պատգամավորը, մատնանշելով օրինագծերի արդյունավետ բազմակողմ քննարկումը եւ դրանց վերաբերյալ հիմնավորված մասնագիտական եզրակացություններ ներկայացնելը, նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի ոչ պակաս կարեւոր բաղադրիչ պետք է դառնա խորհրդարանական վերահսկողությունը:
Ինչպես սպասվում է, Արկադի Խաչատրյանի թեկնածության շուրջ քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։
Նշենք, որ Արկադի Սանասարի Խաչատրյանը 1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետ-մաթեմատիկոս: 1997 թվականին ընդունվել է Մոսկվայի կառավարման պետական համալսարանի ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետեւ տեղափոխվել և 2000 թվականին ավարտել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ) ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու է: 2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: 2004 թվականին ընդունվել է ՀՀ ՖԷՆ ՏՀԻ դոկտորանտուրան, ապա տեղափոխվել և 2007 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան: 2009 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը («բանակցությունների վարում»): 1997-1998 թվականներին աշխատել է «Օնիքս» ՓԲԸ (Մոսկվա) ֆինանսական մենեջեր, «Ադիքս» ֆինանսական ընկերություն» ՓԲԸ (Մոսկվա) բրոքեր: 1998-2003 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության առաջատար մասնագետ, բաժնի պետ, ապահովագրական տեսչության պետի տեղակալ, վարչության պետ, ապահովագրական տեսչության գլխավոր վարչության պետ: «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն: 2003-2015 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետ: 2012 թվականից ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի, 2018 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է: 2015-2018 թվականներին եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019 թվականներին եղել է ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական: 2008-2011 թվականներին եղել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քարտուղար: 2011-2013 թվականներին հանդիսացել է ՀՀ և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաև խոր և համապարփակ ազատ առեւտրի գոտու հարցերի խմբի անդամ: 2011-2016 թվականներին եղել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի խորհրդի անդ, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի ժողովի և խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2011-2018 թվականներին եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի անդամ: 2016-2018 թվականներին եղել է ՀՀ կառավարության մշտապես գործող ֆինանսատնտեսական, սոցիալական, պետաիրավական, տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեներում ՀՀ ԿԲ ներկայացուցիչ: 2016-2019 թվականներին եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ամուսնացած է ունի երեք զավակ: