Արմինֆո. Երևանը, հնարավոր է, այլևս գլխավոր ճարտարապետ չունենա։ Սեպտեմբերի 14-ին նման հայտարարությամբ հանդես է եկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
"Հնարավոր է, որ այն, ինչ ես հիմա կասեմ, շատերի կողմից ընկալվի որպես սենսացիա, բայց գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է ենթարկվի որոշակի մոդիֆիկացման և փոփոխությունների։ Հնարավոր է, Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոն այլեւս չլինի", - հայտարարել է Երեւանի քաղաքապետը։ Նա նշել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում գլխավոր ճարտարապետի պաշտոնը առանձին մարմնի կամ խորհրդի վերակազմավորելու հնարավորության շուրջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը թափուր է՝ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո։