Արմինֆո.Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է աբորտների արգելմանն ուղղված օրինագիծը:
Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է իրավաբանների նախաձեռնող խումբը, ենթադրում է աբորտների քրեականացում՝ հղիության արհեստական ընդհատումը հնարավոր համարելով երեխայի մոր կյանքի եւ առողջության համար վտանգների առկայության դեպքում: Մինչդեռ, նիստին ներկա փորձագետները օրինագիծը խիստ քննադատության են ենթարկել։ Այսպես, Առողջապահության նախարարության մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նախագիծը հակասում է մի շարք միջազգային կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը։ Նա մատնանշել է նաև ԽՍՀՄ-ի և աշխարհի մի շարք երկրների անհաջող փորձը աբորտների արգելման հարցում, երբ արդյունքում իշխանություններն ընդունեցին իրենց սխալը։ Նրա խոսքով, նման փաստաթղթի ընդունումը Հայաստանի համար քայլ կլիներ դեպի քարե դար: Նրան աջակցել է նաև Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Կարինե Սարիբեկյանը, ով նշել է, որ քրեական աբորտները հանգեցնում են անպտղության, ինչպես նաև մայրական և մանկական մահացության ցուցանիշների բարձրացման:
Հանձնաժողովի նիստի արդյունքում՝ չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրինագիծը միաձայն մերժվեց: