Արմինֆո.Կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան է ընթանում։ Այս անգամ իշխանություններին կոչով դիմել են փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները, մասնավորապես, հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները։
Վերջիններս պնդում են, որ առանց նախնական քննարկումների և նախազգուշացումների, ապրանքների մաքսազերծման արժեքը բարձրացել է 6 անգամ։ Ավելի վաղ, մանրածախ առեւտրի ներկայացուցիչների խոսքով, գործում էր մեկ կիլոգրամի դիմաց 3.25 դոլարի ֆիքսված սակագին, իսկ այժմ մաքսային ձեւակերպման արժեքի վրա ազդում է նաեւ ներմուծված ապրանքների կազմը:
"Մեզ, պարզապես, փաստի առաջ են կանգնեցրել։ Անարդար է օրենքի նման փոփոխություններ մտցնել սահմանների փակման պայմաններում, երբ մենք առանց այդ էլ գտնվում ենք դժվար կացության մեջ, երբ քաղաքացիների գնողունակությունը երեք անգամ նվազել է", - դժգոհել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Առևտրային բիզնեսի ներկայացուցիչները միահամուռ նշել են, որ նման փոփոխությունները կանդրադառնան ներմուծվող ապրանքների գների աճի վրա։
Ավելին, ներմուծողներն ընդգծել են, որ չեն բացառում փոփոխությունների կիրառման նպատակահարմարությունը, սակայն նման որոշումները, ինչպես նկատել են վերջիններս, արժե ընդունել ՝ հաշվի առնելով կողմերի կարծիքը։ "Նույնիսկ, եթե սակագները ցանկանում են բարձրացնել, որպեսզի պաշտպանեն ներքին արտադրողին, ապա թող դա լինի ֆիքսված գին, այլ ոչ թե այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Մեզ ստիպում են գալ իրենց փոշոտ պահեստ եւ բացել մեկը մյուսի հետեւից նոր ապրանքի փաթեթավորումը որպեսզի տոկոսային հարաբերությամբ դուրս գրեն դրանցից յուրաքանչյուրի կազմը", - բողոքել են ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ բողոքի ակցիայից հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է պարզաբանում՝ հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը: Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները: Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։ Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։ ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ», - ասվում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած պարզաբանման մեջ: