Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ դեռ լիովին ծանոթ չէ 2008թ.մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությանը:
Նշենք, որ նախօրեին փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ տուժող կողմն այլեւս չի մասնակցելու մարտի 1-ի գործով նիստերին, քանի որ իրենք կարծում են, որ դատավարությունը ֆարսի է վերածվել: Ավելին, նրանք կարծում են, որ որոշ կառույցներ սաբոտաժի են ենթարկում գործը և խոչընդոտում են իրական մեղավորներ գտնելու փորձերին ։
Լրագրողների այն հարցին, թե մարտի 1-ի զոհերի փաստաբանները հայտարարել են, որ իրենց բոյկոտը պետության ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա հրավիրելու ցանկություն է, Բադասյանը նշել է․ <Տեսնում եմ արդարադատությունից խուսափելու ցանկություն, դատավորների բացարկներ են իրականացվում, կամ ինքը ՝ դատավորը, ինքնաբացարկ է հայտնում, երբ դրա համար ոչ մի պատճառ չկա ։ Այս բոլոր խնդիրները ոչ թե հիմա են ի հայտ եկել, այլ կուտակվել են տարիներ շարունակ ։ Դատավորի ինքնաբացարկը չպետք է ինքնանպատակ լինի ։ Բոլոր նման գործողությունները հստակ ամրագրված են, թե երբ և ինչ պատճառով է դատավորը պարտավոր ինքնաբացարկ հայտնել>, - ընդգծեց նախարարը ։
Բադասյանը նշել է, որ դատական համակարգն առանձին համակարգ է, որին արդարադատության նախարարը մասնակից չէ: