Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:
"Այսօր ես այցելում եմ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ։ Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ ես շնորհակալություն հայտնեցի սահմանամերձ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ցուցաբերած վճռական աջակցության համար։ Նաեւ ծանոթացել եմ բնակիչներից մեկի նոր տան շինարարությանը։ Նրա տունն ամբողջությամբ ավերվել է գնդակոծության հետեւանքով", - գրել է վարչապետը Facebook-ի իր էջում ։
Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 302,6 մլն դրամ ուղղորդել Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով տուժած գյուղերի վերականգնմանը: Մասնավորապես, նախատեսվում է 110 մլն դրամ հատկացնել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերի բնակիչների անշարժ գույքի կորուստների փոխհատուցման համար։ Եվս 84 մլն դրամ կօգտագործվի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերի դպրոցների ու ապաստարանների վերանորոգման համար։ Բացի այդ, 82.6 մլն դրամ նախատեսվում է ուղղորդել Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակի կառուցմանն ու տարածքների բարեկարգմանը: Աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով որոշում է կայացվել ծրագրում ներգրավել նոր շինարարական կազմակերպությունների: Չինարի գյուղում նախատեսվում է զրոյից կառուցել գնդակոծությունների հետևանքով ավերված տուն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կառուցել պուրակ ավերված տան տեղում, որտեղ ոչ ոք չի ապրում: