Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվող հարցերի թվում էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հանդիպման ժամանակ՝ վերջինի հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես APA-ին հաղորդել են ԱՀ ԱԳՆ-ում, դեսպանը նշել է, որ Ադրբեջանում իր դիվանագիտական գործունեության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացման համար:
Իր հերթին՝ Բայրամովը հայտնել է հայ-ադրբեջանական պետական սահմանի վրա վերջին լարվածության մասին եւ երախտագիտություն հայտնել այն բանի համար, որ Իրանը մշտապես աջակցում է "Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա":
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սատարում է Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում և միշտ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Հարկ է նաև նշել, որ այսօր Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Իրանի տարածքից Հայաստան ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման մասին հաղորդագրությունների առնչությամբ: Իրանական դիվանագիտական ներկայացուցչությունում ստիպված են եղել հերքել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից շրջանառվող չհիմնավորված տեղեկատվությունը: "Մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե Իրանի Իսլամական Հանրապետության "Նորդուզ" սահմանային անցակետով Հայաստան է մատակարարվում ռուսական զենք եւ ռազմական տեխնիկա։ Հայտարարում ենք, որ այդ հաղորդագրությունները կեղծ են և անհիմն։ Նման տեղեկատվությունը տարածվում է երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության հարաբերությունները խաթարելու նպատակով", - հաղորդել են Իրանի դեսպանատնից։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը հանդես է գալիս այս կամ այն երկրի վրա հարձակումներով ՝ կապված պաշտպանական համագործակցության հետ։ Ընդ որում, Բաքուն՝ ինքը, չի խորշում բազմամիլիարդանոց զենքի պայմանագրեր կնքել միջազգային գործընկերների հետ։