Արմինֆո. Սեպտեմբերի 4 - ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին " օրինագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ այն նպատակաուղղված է կարանտինի մեխանիզմի կիրառմանը արտակարգ դրության ռեժիմի փոխարեն, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 11-ին: Այդ օրինագծի ընդունմանը "կողմ" է քվեարկել 70 պատգամավոր, "դեմ"՝ 19-ը: Ընդունված օրինագծի համաձայն, երկրում վարակիչ հիվանդությունների տարածման դեպքում, կամ Հայաստանում արտակարգ իրավիճակի դեպքում, Առողջապահության նախարարության առաջարկով, մարզպետի կամ քաղաքապետի կողմից կարող է կարանտինի ռեժիմ սահմանվել ։
Ինչպես իր ելույթում նշել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագծում որոշ փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, իմունոպրոֆիլակտիկ միջոցներ չեն կարող կիրառվել առանց քաղաքացու համաձայնության, իսկ վարակակիրների հետ շփվող անձանց շրջանակի ուսումնասիրությունը պետք է սահմանափակվի ինկուբացիոն շրջանով։ Բացի այդ, որոշ ձևակերպումներ են փոփոխվել ։
Փոխնախարարն ընդգծել է, որ օրինագծերի փաթեթի ընդունմամբ ներկայում գործող անվտանգության միջոցների կիրառումը կշարունակվի: Դա վերաբերում է դիմակների կրմանը, սոցիալական հեռավորության պահպանմանը, ձեռքերի հիգիենային, զանգվածային միջոցառումների սահմանափակումներին եւ այլն: Սահմանափակող միջոցների փոփոխման դեպքում կառավարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը։ Նշվել է նաեւ, որ օրինագիծն ընտրությունների անցկացման արգելք կամ սահմանափակում չի ներառում։