Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել 2020 թվականի հուլիսի 16-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ինչպես նշվում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ, սույն համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ապրանքների Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից: Փաստաթղթի շրջանակներում կողմերը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում և հաստատում են ինդիկատիվ հաշվեկշիռը։ Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը: