Արմինֆո.ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի օգոստոսի 28-ի եզրակացության համաձայն՝ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը կասեցվել է:
Հատկանշական է, որ ավելի վաղ Lydian Armenia-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սեպտեմբերի 1-ից ընկերությունը համագործակցում է նոր պահնորդական կազմակերպության հետ, քանի որ լրացել է «Հատուկ անվտանգության ծառայության» հետ պայմանագրի ժամկետը: Մինչդեռ իրականում լիցենզավորման հանձնաժողովը տվյալ ՍՊԸ-ում հայտնաբերել է մի շարք խախտումներ, ինչի կապակցությամբ վերջինիս լիցենզիայի գործողությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Հատուկ անվտանգության ծառայությունը» ծառայություն է իրականացրել Ամուլսարի հանքավայրի տարածքում սույն թվականի հունիսի 30-ից, եւ առաջին իսկ օրվանից նրա գործունեությունը պատճառ է դարձել հանքի մոտ իրավիճակի սրման եւ ակտիվիստների ու տեղի բնակիչների հետ բախումների:
Հանձնաժողովը պարզել է, որ պահնորդական կազմակերպության պահնորդի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքել և վերջինիս պահնորդական գործունեության իրականացմանը ներգրավել միայն ՀՀ ոստիկանությունում գործող թիկնապահի և պահնորդի որակավոևրրման ստուգման հանձնաժողովի կողմից տրված որակավորման ստուգման վկայականի առկայության դեպքում,ինչը տվյալ դեպքում «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ կողմից չի պահպանվել, և թվով 18 պահնորդներ ծառայություններ են մատուցել՝ առանց համապատասխան որակավորման ստուգում անցնելը հավաստող փաստաթղթի։
Հաշվի առնելով վերոնշյալը ՝ Հայկական բնապահպանական ճակատը պահանջում է ուշադրություն դարձնել, որ Lydian Armenia-ն համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնք անօրինական գործողություններ են թույլ տալիս։