Արմինֆո. <1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։
Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ>,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով Արցախում արված ընտանեկան լուսանկարը:
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: Արցախի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը:Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: