
Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:
Մնացականյանը "Ինտերֆաքս" - ին տված հարցազրույցում, ի պատասխան հարցի, թե արդյոք պատրատս է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, մասնավորապես, ասել է. "Անցած ժամանակահատվածում, ներառյալ վերջին երկու տարիները, բավականին մեծ աշխատանք է արվել եռանախագահների կողմից տարբեր ուղղություններով։ Դա ուղղակիորեն ներառում էր կարգավորման հարցերը, փոխզիջման հասնելու հիմնարար պարամետրերին վերաբերող հարցերը, ինչպես նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես, նախագծեր, որոնք կարող են նպաստել ժողովուրդների նախապատրաստմանը խաղաղությանը: Աշխատանքի շատ կարևոր ուղղություն է մնում հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու միջազգային մշտական վերահսկողական մեխանիզմների ներդրումը։ Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքների ողջ սպեկտրի շարունակմանը և, բնականաբար, ես իմ կողմից պատրաստ եմ շարունակել այդ աշխատանքը"։
Ի պատասխան հարցին, թե արդյոք, ասենք, վաղը առանց որեւէ պայմանի պատրաստ է հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցի հետ, Մնացականյանն ընդգծել է. "Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Եվ այստեղ կրկին ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը փոխզիջումների որոնման, անվտանգության ապահովման, ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտությունն է։ Հայաստանի համար գոյություն ունեն որոշակի և կարևոր առաջնահերթություններ։ Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ գերակայություն է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց որևէ սահմանափակման, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել և համանախագահների, և ադրբեջանական կողմի հետ, որպեսզի սահմանենք բանաձևերը, որոնք թույլ կտան մեզ համադրել և համաչափեցնել հնարավոր փոխզիջման չափը։
Եվս մեկ կարևոր հարց, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. այս բոլոր երեսուն տարիների ընթացքում նա ցույց տվեց իր հասարակական կյանքը կազմակերպելու, իր անվտանգությունն ապահովելու, միջազգային պարտավորություններ ստանձնելու բացարձակ կարողությունը ։ Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավումը շատ կարեւոր հարց է եւ, ի թիվս այլ բաների, գործնական բնույթ է կրում ։ Քանի որ դա կուժեղացնի սեփականության զգացողությունը բանակցային գործընթացի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կողմից, որը, ընտրված լինելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, ունի համապատասխան մանդատ նրա շահերը ներկայացնելու համար"։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման գաղափարին իր վերաբերմունքն արտահայտելու խնդրանքին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ՝ Արցախի ինքնորոշման իրավունքն առանց որեւէ սահմանափակման հանդիսանում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի հիմնական մոտեցումներից մեկը: