Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ ազգային հերոսի կոչում է շնորհվել բժշկի:
Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարությունը, տարեսկզբին նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:
«Այսօր արդեն` նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով:
Նախարար Արսեն Թորոսյանը և առողջապահության նախարարության ողջ անձնակազմը շնորհակալություն են հայտնում բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, ինչպես նաև շնորհավորում բարձր կոչմանն արժանանալու համար ու մաղթում քաջառողջություն», - ասվում է հաղորդագրությունում:
Հավելենք, որ Հրայր Հովակիմյանը "Նորք-Մարաշ" բժշկական կենտրոնի հիմնադիրն է, որն ստեղծվել է 1993 թ. հայ և ամերիկացի բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ ՝ Ալբերտ Սթարի ակադեմիական կենտրոնի (Պորտլենդ, ԱՄՆ), "Սակրեդ հարթ" սրտաբանական կենտրոնի (Սպոկեյն, ԱՄՆ), "Ռեյնբոու" մանկական հիվանդանոցի (Քլիվլենդ, ԱՄՆ) հետ համագործակցությամբ: "Նորք-Մարաշում" առաջին մանկական սրտաբանական վիրահատությունն իրականացվել է 1994 թվականին, իսկ երկու տարի անց բժշկական կենտրոնը սկսել է մեծահասակների սրտի վիրահատություններ իրականացնել: