Արմինֆո. Պետք է ամեն ինչ անենք COVID-19 հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար։ Այս մասին օգոստոսի 27-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
<Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ ցուցանիշ: Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 դեպք ենք ունեցել, նաև հետազոտությունների շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938 հետազոտությունից: Իհարկե, պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:
Ըստ էության, կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամաճարակային կանոնների պահպանման որակի հետ, ինչը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված: Եվ կրկին ցանկանում եմ կոչ անել, խնդրել, որպեսզի մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում: Մանավանդ մենք կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել, այսինքն՝ նկատի ունեմ կանոնները պահպանելը զուտ ֆիզիկապես հիմա ավելի հեշտ է, քան նախկինում>,-ասել է վարչապետը։