Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում, մինչ օրակարգի քննարկումը, անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքներին։
<Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում, և Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, գազի պայթյունից, ըստ էության, ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանի Հանրապետությունում, ինչը ևս մեկ անգամ մեր բոլորի ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Իհարկե, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի շրջանակում կպարզվեն գործի բոլոր հանգամանքները: Բայց, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին:
Այս պահին կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով: Իհարկե, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ՝ մինչև նրանց հետագա հարցերի քննարկումը և լուծումը: Մի շարք քաղաքացիներ, ընտանիքներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների բնակարաններում կամ իրենց ունեցած այլ բնակարաններում: Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ>,- ասել է վարչապետը։