Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այսօր հեռախոսազրույցում քննարկել են ռազմագերի Գուրգեն Ալավերդյանի իրավունքների խախտմանն առնչվող իրավիճակը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են: Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո: Հ․Գ․ Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերնով մշակված տեքստը», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ալավերդյանին մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որոնցով նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Ալավերդյանը կասկածվում է այն բանի համար, որ նա, իբր, "մասնակցելով Քելբաջարի շրջանի տարածքում ստեղծված ապօրինի զինված կազմավորումների կազմում, հարձակումներ է գործել Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների, ձեռնարկությունների, կառավարման, կազմակերպության կամ առանձին անձանց վրա": Բացի այդ, Ալավերդյանին մեղսագրվում են մարդկանց սպանելուն, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, գույքային զգալի վնաս պատճառելուն, զենքի ապօրինի շրջանառությանը ուղղված գործողություններ։ "Ալավերդյանը Հայաստանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ապօրինաբար հատել է պետական սահմանը ՝ Ադրբեջանի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հավաքելու համար ՝ դրանք ի վնաս մեր երկրի անվտանգության օգտագործելու նպատակով։ Վերոնշյալի առնչությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 100.2 (ագրեսիվ պատերազմի վարում), 276 (լրտեսություն), 279.1 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 228.1 (ապօրինի կերպով հրազեն, դրա բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր ձեռք բերելը, հանձնելը, պահելը, փոխադրելը, կրելը) եւ 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: Նախաքննության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացման համար ստեղծվել է համատեղ քննչական-օպերատիվ խումբ, որը բաղկացած է Գլխավոր դատախազության, ՊԱԾ-ի, ՆԳՆ-ի և պետական սահմանապահ ծառայության պրոֆեսիոնալ աշխատակիցներից: Քննությունը վարում է Գլխավոր դատախազության քննչական վարչությունը ։ Ըստ ՔՕ-ի նշված հոդվածի ՝ Ալավերդյանին սպառնում է երկարատեւ ազատազրկում՝ ընդդհուպ ցմահ ազատազրկում", - հաղորդում է «Թուրանը»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 22-ին սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական դիրքերի ստուգման ժամանակ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել էր տեղանքում: ՀՀ ՊՆ-ում հերքել են նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որի արդյունքում, իբր, Ալավերդյանը գերեվարվել է: Հայկական պաշտպանական գերատեսչությունից նաեւ հաղորդել են, որ ծառայողական ստուգում է իրականացվում միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:
ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր Ֆեյսբուքյան էջում արդեն տեղեկացրել է, որ դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ադրբեջանական կողմից սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտման կապակցությամբ: