Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մանրամասն քննարկումը տեղի է ունեցել այսօր Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ: Այս մասին երկկողմ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Լավրովը։
<Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, ամեն կերպ կնպաստի բանակցությունների կայուն գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը>,- ասել է Լավրովը։
Ադրբեջանցի նախարարն իր հերթին փաստել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր Է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Հարավային Կովկասի հետ սերտ կապեր ունեցող տարածաշրջանային խոշորագույն տերություն: <Այդ կապակցությամբ մենք հատուկ հույսեր ենք կապում Ռուսաստանի դերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ։ Ցավոք, կցանկանայի նշել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա>,- ասել է Բայրամովը:
Ադրբեջանցի նախարարը նաև բաց չի թողել Հայաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խափանելու մեջ մեղադրելու հնարավորությունը ՝ վստահեցնելով, որ հենց <ՀՀ ապակառուցողական դիրքորոշումն> է հանգեցրել հայ-ադրբեջանական պետական սահմանի հուլիսյան էսկալացիային։
Սակայն, նա այդքանով չի սահմանափակվել ՝ վստահեցնելով, թե իբր Հայաստանը մտադիր էր գրավել ադրբեջանական տարածքները ։ Ընդ որում, Բայրամովը կարծում է, որ հայկական իշխանությունների այս բոլոր գործողությունները հետապնդում էին մեկ նպատակ՝ <ուշադրությունը շեղել երկրի ներքաղաքական եւ սոցիալ - տնտեսական խնդիրներից՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին>:
<Միջադեպը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանին ՝ Ղարաբաղից հեռու ։ Այդ տարածքով անցնում են նավթմուղներ եւ գազատարներ, որոնք էներգառեսուրսներ են արտահանում համաշխարհային շուկա>, - ասել է Բայրամովը՝ հավաստիացնելով, թե Հայաստանը <շարունակում է ապակայունացնել իրավիճակն առաջնագծում>:
Վերջում նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա: <Գտնում ենք, որ միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա ավելի կառուցողական դիրքորոշում զբաղեցնի սուբստանտիվ բանակցությունների շարունակման համար>, - ամփոփել է Ադրբեջանի արտգործնախարարը։