Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակում հերքել են ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը՝ այս անգամ Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի գնդակոծության մասին:
«Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, շարունակելով հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը, այսօր հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ: ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշված հաղորդագրությունն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Ավելին՝ պաշտպանության բանակի համար քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ թիրախ չեն հադիսացել ու չեն հանդիսանում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ գործողություններ», - ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: