Արմինֆո.Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի դեմ։ Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Ցուցարարները դեմ են նախկին գյուղապետի լիազորությունների վերականգնմանը։ Բանն այն է, որ Եղեգնուտի նախկին ղեկավար Ռամիկ Մարգարյանը 2018 թվին իշխանափոխությունից հետո ճնշման տակ ժամանակից շուտ վայր էր դրել լիազորությունները։ Դրանից հետո Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետ էր դարձել Ռազմիկ Մկրտչյանը։ Սակայն, այնուհետև Ռազմիկ Մարգարյանը հայցով դիմել է Վարչական դատարան, ապա նաև Վերաքննիչ դատարան՝ պահանջելով մարզպետի որոշումն անօրինական ճանաչել, և իրեն վերադարձնել Եղեգնուտի գյուղապետի լիազորությունները։
Արդյունքում ՝ մեկուկես տարի անց Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Արմավիրի նախկին մարզպետի որոշումը, և վերականգնել Եղեգնուտ գյուղի գյուղապետի պաշտոնում Ռազմիկ Մարգարյանին։
Ավագանին առաջարկել է տեղական հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ, սակայն օգոստոսի 11-ին այդ առաջարկը մերժվել է տարածքային ընտրական հանձնաժողովի, իսկ օգոստոսի 20-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ։