Արմինֆո. Օգոստոսի 21-ին ձկնորսները ժամանակավորապես փակել են Երեւան-Սեւան մայրուղին՝ ի նշան բողոքի Սեւանա լճից սիգի որսի նոր կանոնների դեմ:
Լրագրողների հետ զրույցում ձկնորսները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, նշել են, որ նոր կանոնների պատճառով իրենց ընտանիքներին ապահովելը դժվար կլինի: Մասնավորապես, նրանք դժվար իրագործելի են համարել այն պայմանը, որ ձկնորսական նավակները պետք է լիճ դուրս գան բացառապես այդ նպատակների համար հատկացված 17 կայաններից։ Նրանց խոսքով ՝ ձկան որսն իրականացնում են մոտ 1300 նավակներ, ինչը նշանակում է, որ կայանները կարող են պարզապես այդ ծանրաբեռնվածությանը չդիմանալ։ Բացի այդ, նման իրադրությունում ձկնորսները կոշտ մրցակցելու են միմյանց հետ, քանի որ լճում նավակները միմյանց մոտ կլինեն: 500 գրամից պակաս կշռող սիգի որսն արգելված է, սակայն ձկնորսները հավաստիացնում են, որ հենց այդ քաշի ձուկն է մեծամասնություն կազմում։ Նրանց խոսքով՝ եթե բացառապես մեծ ձուկ որսան, ապա շուկայում սիգի գինը ինքնըստինքյան շատ բարձր կլինի։ Ձկնորսները դժգոհ են նաեւ 1 կգ սիգի որսի դիմաց 65 դրամ բնապահպանական վճարներից: Նրանց խոսքով ՝ ավելի նպատակահարմար կլիներ մեկ ձկնորսի վրա մեկ ամսվա դրույք սահմանել, որը կփոխանցվեր պետբյուջե։
Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց հետ արդեն կապ են հաստատել մարզպետարանի, "Սեւան" ազգային պարկի եւ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները՝ խոստանալով քննարկել բարձրացված հարցերը մինչեւ երեքշաբթի: Ձկնորսները նշել են, որ եթե իրենց ձայնը չլսվի, իրենք կշարունակեն նմանատիպ բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ Սեւանա լճում ձկնորսության թույլտվության վերաբերյալ կառավարական որոշումը կայացվել էր հունիսի 18-ին: 2020 թվականին թույլատրվում է որսալ 200 տոննա սիգ, ընդ որում, ձուկը պետք է կշռի առնվազն 500 գրամ: Ձկնորսության ժամանակ արգելվում է 40 մմ-ից պակաս հաստությամբ ցանցերի օգտագործումը, իսկ որսը հնարավոր կլինի իրականացնել լճի ափից առնվազն 500 մ հեռավորության վրա: Որոշման նախագծի հեղինակները պնդում են, որ այդ միջոցն նպատակաուղղված է որսագողության սահմանափակմանը:
Հավելենք, որ վերջին անգամ սիգի որսի իրավունք էր տրվելէ 2004 թվին, և 2005 թվից մինչ օրս արգելված էր ձկան որսը: Ըստ Գիտությունների ազգային ակադեմիայի տվյալների՝ Սևանա լճում սիգի պաշարները կազմում են 2268 տոննա, որից 667 տոննա արդյունաբերական նշանակություն ունի։ Ափերին սիգի որսը վերահսկելու համար նախատեսվում է տեղակայել 17 կայան, որոնք կտրամադրեն համապատասխան նավակներ եւ լողացող այլ միջոցներ: Տեսուչը կվերահսկի լիճ նավակի ելքի ժամանակը, նրա վերադարձը, որսված ձկան ծավալները։ Այս տվյալները պարբերաբար ներկայացվելու են Շրջակա միջավայրի նախարարություն։ 1 կգ սիգի համար սահմանվում է բնապահպանական վճար ՝ 65 դրամ: Ընթացիկ տարում ձկնորսությունը կթույլատրվի մինչեւ հոկտեմբերի 1-ը: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձկնորսությունը կտրականապես կարգելվի՝ ձկան վերարտադրության նպատակով։