Արմինֆո. Ի նշան Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի՝ Ջերմուկի բնակիչները ավտոերթով կշարժվեն Երեւան: Միջոցառումը նախատեսված է օգոստոսի 20-ին, այնուհետ ակտիվիստները նախատեսում են հավաքվել Պետֆիլհարմոնիայի շենքի մոտ:
Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը նախատեսված էր 10 տարի եւ 4 ամիս, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում էր արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի: Նշենք, որ չնայած "Լիդիան" ընկերության հավաստիացումներին, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծում արդեն ներդրվել է շուրջ 300 մլն դոլար, բնապահպանները չեն կիսում կառավարության հիացմունքը հանքի շահագործման ծրագրի գրավչության վերաբերյալ: Բնապահպանները մտավախություն ունեն, որ հանքավայրի շահագործումը, որի ընթացքում օգտագործվելու է նատրիումի ցիանիդ, կարող է հանգեցնել գետերի ջրի թթվեցման: Աղտոտված ջրերը խմելու եւ ոռոգման համար ոչ պիտանի կդառնան եւ կարող են անուղղելի վնաս հասցնել Ջերմուկի հանքային աղբյուրներին եւ Սեւանի էկոհամակարգին: Lydian ընկերությունն՝ ինքը, հանքավայրի շրջափակումը համարում է անօրինական եւ Հայաստանի կառավարությանը մեղադրում է անգործության համար:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին իր մասնակցության ավարտի մասին, որի շինարարությունն արդեն շուրջ երկու տարի արգելափակված է բնապահպան ակտիվիստների եւ հարակից համայնքների բնակիչների կողմից: Հանքավայրը մշակող Lydian International ընկերությունը, որն այդ պատճառով հայտնվել էր ֆինանսական ծանր վիճակում, տարեսկզբին հայտարարել էր վերակազմավորման մասին եւ ապացուցակման ընթացակարգ էր անցել Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ի սկզբանե մասնակցել է Ջերսի կղզում գրանցված օֆշորային Lydian International ընկերության կապիտալին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ միասին, որը դուրս է եկել նախագծից դեռ 2 տարի առաջ: Այդ միջազգային դոնոր գործընկերների մասնակցությունը օֆշորային ընկերությանը թույլ տվեց դուրս գալ Կանադայի բորսայական շուկա և ներգրավել ինստիտուցիոնալ ներդրողների լրացուցիչ ներդրումներ՝ ի դեմս ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների։ Այսօրվա դրությամբ հիմնական վարկատուներն են մնում Orion Resource Partners-ը, Osisko Mining-ը եւ Resource Capital-ը: Բանկի պատասխանատու աշխատակից Ֆիդանկա Մաքգրատը կարծում է, որ հանքավայրի շուրջ ընթացող իրադարձությունները զգալի վնաս են պատճառում ՎԶԵԲ-ի հեղինակությանը, նույնիսկ, այն բանից հետո, երբ ՎԶԵԲ-ի բաժնետոմսերի փաթեթը "Lydian International"-ում վերացվի: