Արմինֆո. <Սասնա ծռերի> գործով մեղադրյալ Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին օգոստոսի 19-ին դատական նիստի ժամանակ հայտարարել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը ՝ լրացուցիչ տեղեկություններ չտրամադրելով։
Հիշեցնենք, որ դատախազները պնդում են, որ ամբաստանյալները, օրենսդրության եւ միջազգային նորմերի խեղաթյուրված մեկնաբանություններով քողարկելով հանցավոր գործունեության բացահայտ կոչերը, փորձել են արդարացնել իրենց զինված գործողությունները: Բացի այդ, դեռևս չպարզված հանգամանքներում կազմակերպված խմբի անդամները ապօրինի ձեռք են բերել և պահել զենք ու զինամմթերք: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանհամաձայն, նրա մահը վրա է հասել կրծքավանդակի միջանցիկ հրազենային վիրավորում ստանալու հետևանքով, ընդ որում, սպանությունը կատարել է Սմբատ Բարսեղյանը։
Դատախազները պահանջել են խմբի անդամներին մեղավոր ճանաչել 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդներ վերցնել), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով: Դատախազը պահանջել է Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարվա և 6 ամսվա ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին՝ 8 տարվա և 6 ամսվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ, Արմեն Բիլյանին՝ 21 տարի, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Արայիկ Խանդոյանի նկատմամբ առաջարկվել է նրա մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել: