Արմինֆո.Պայմաններում, որտեղ այսօր հայտնվել են լիբանանահայերը, կարելի է սպասել նրանց զանգվածային ելքը դեպի պատմական հայրենիք կամ այլ երկրներ ։ Երեկ արդեն Լիբանանից մոտ հարյուր փախստական Է ժամանել Հայաստան։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։
<Հայ համայնքը մեծապես տուժել Է պայթյունից. 15 հայ զոհվել է, մոտ 300-ը՝ վիրավորվել, նյութական վնասի մասշտաբները հսկայական են ։ Այսօր Լիբանանում մոտ 150 հազար հայ է ապրում։ Խաղաղ ժամանակներում նրանք համարվում էին Մերձավոր Արևելքի բարգավաճող երկրի բարգավաճող համայնք։ Սակայն, արդեն գրեթե մեկ տարի է, ինչ երկիրը ծանրագույն տնտեսական և քաղաքական ճգնաժամ է ապրում։ Հայերը հայտնվել են մուսուլման սուննիների, մուսուլման շիաների, քրիստոնյա մարոնիտների և դրուզների արանքում։ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանը աղետի միասնական գոտի է դարձել.ապրանքների 80 տոկոսը Լիբանան է տեղափոխվել ներկայումս գոյություն չունեցող նավահանգստի միջոցով: Մարդկանց սով է սպառնում>, - նշել է Էսկինը ։
Հայաստանը, նրա գնահատմամբ, ազգային պետության վառ արտահայտված օրինակ է, որի սկզբնական խնդիրներից էր բոլոր սփյուռքահայերի համախմբումը իրենց անկախացած երկրում։ Սակայն, անկախության առաջին 30 տարիներին սփյուռքից դեպի պատմական հայրենիք հոսքը մեծ չէր ։ Մինչդեռ Հայաստանից հեռացածների թիվը կազմում է վերջինիս քաղաքացիների 1/3-ից մինչև կեսը ։ Այս համատեքստում քաղաքագետը տեղին է համարում հիշել Իսրայելին, որն անկախության 72 տարիների ընթացքում բազմապատկեց հրեական բնակչությունը տասներկու անգամ։
Հայրենադարձության գործում Իսրայելի նման հաջողության գաղտնիքը Էսկինը պայմանավորում է ամենևին էլ ոչ իսրայելցի հայրենադարձների մեծ մասի իդեալիստական նկրտումներով ։ Վերջիններս, որպես կանոն, ժամանել են Իսրայել՝ փնտրելով ապաստան կան ավելի լավ կյանքի համար։ Եվ հազիվ թե վերջին 30 տարիների ընթացքում միայն նախկին ԽՍՀՄ երկրներից ժամանած նույն միլիոն հայրենադարձների գրեթե մեծ մասը դա արեց Սիոնի 2000-ամյա կանչով։ Ավելի շատ հարկադիր տեղափոխություն, քան իդեալիզմի ակտ հանդիսացավ նաև Եվրոպայից և արաբական երկրներից զանգվածային ներգաղթը։
<Ի՞նչ օգտակար հետևություններ կարող է անել դրանից Հայաստանը ։ Նման դեպքերում կարևորագույն դեր է խաղում սփյուռքի գաղթականներին ընդունելու երկրի պատրաստակամությունը և ճգնաժամային իրավիճակը զանգվածային ներգաղթի համար օգտագործելու ունակությունը ։ Սա պետք է ներառի աբսորբացիայի ծրագիր նոր ժամանածների համար։ Իսրայելում հայրենադարձներին օգնություն է ցուցաբերվել բնակարանի ձեռքբերման, լեզվի ուսուցման, աշխատանքի տեղավորման հարցում ։ Ոչ պակաս կարևոր գործոն է նաև աղետալի կամ ճգնաժամային իրավիճակում հայտնված հայրենակիցների հետ ուղիղ աշխատանքը ։ Նրանց պետք է անմիջական օգնություն ցուցաբերել տեղում եւ ապահովել պատմական հայրենիք տեղափոխվելը>, - նշել է նա ։
Այս ամենը, ըստ Էսկինի, չափազանց կարեւոր է, բայց երկրորդական, քանի որ որոշում են ոչ թե թվերը, այլ որակական, իդեալիստական ձգտումները ։ Եվ դրա հետևանքը՝ հայրենիք վերադարձի խրախուսման մթնոլորտն է ։ Այս առնչությամբ նա նշել է, որ հայրենադարձների 10 կամ 20 տոկոսը բոցաշունչ սիոնիստներ էին ։ Եվ պատրաստ էին տարիներով ապրել վրաններում, ցամաքեցնել ճահիճներն ու ոռոգել անապատը ։ Եվ հենց այդ մարդիկ են ստեղծել մթնոլորտ և իրենց հետևից բերել մյուսներին ։ Ըստ քաղաքագետի ՝ Իսրայելի բոլոր կառավարությունների քաղաքականությունը ՝ ուղղված ալիայի խրախուսելուն (Ավետյաց երկիր վերադառնալուն), հենց այդ հզոր գաղափարական ալիքի հետևանքն է ։
<Սփյուռքում ցանկացած ճգնաժամի դեպքում Իսրայելի առաջնորդները հայրենակիցներին տուն վերադառնալու կոչ են արել։ Եվ նրանց խոսքերն ամրապնդվեցին մեր հատուկ միջազգային <Սոխնուտ> գործակալության գործերով ։ Հենց այդ գաղափարական ու իդեալիստական պոռթկումն ու ազգային գիտակցության ամրապնդումն է պակասում այսօր Հայաստանին։ Երբ կառավարությունը դառնա վերադարձի գաղափարի արտահայտիչը, ցանկացած ճգնաժամ կլինի դրա կատալիզատորը։ Իսկ ահա իդեալիզմի բացակայությունը, կառավարման ճգնաժամի հետ մեկտեղ, հանգեցնում են բնակչության արտահոսքի երկրից։ Այժմ Հայաստանը դժվարին փորձության առաջ է կանգնած։ Այն կարող է նպաստել տասնյակ հազարավոր լիբանանահայերի ներգաղթին կամ պասիվ վկա լինել կարանտինի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով տասնյակ հազարավոր սեփական քաղաքացիների արտագաղթին>,- ամփոփել է Էսկինը ։