Արմինֆո.Օգոստոսի 13-ին Երեւանում կանաչ ակտիվիստները հեծանվային երթ կանցկացնեն՝ ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման:
Միջոցառման նախաձեռնողների հաղորդագրության համաձայն, երթի միջոցով համերաշխություն եւ աջակցություն կհայտնվի Ջերմուկի բնակիչներին, որոնք ակտիվորեն հանդես են գալիս Ամուլսարի նախագծի դեմ: Հեծանվային երթի շրջանակներում ակտիվիստները նախատեսում են շրջել Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին իրենց ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախօրեին հայտարարել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին իր մասնակցության ավարտի մասին, որի շինարարությունն արդեն շուրջ երկու տարի արգելափակված է բնապահպան ակտիվիստների եւ հարակից համայնքների բնակիչների կողմից: Հանքավայրը մշակող Lydian International ընկերությունը, որն այդ պատճառով հայտնվել էր ֆինանսական ծանր վիճակում, տարեսկզբին հայտարարել էր վերակազմավորման մասին եւ ապացուցակման ընթացակարգ էր անցել Տորոնտոյի ֆոնդային բորսայում:
Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ի սկզբանե մասնակցել է Ջերսի կղզում գրանցված օֆշորային Lydian International ընկերության կապիտալին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ միասին, որը դուրս է եկել նախագծից դեռ 2 տարի առաջ: Այդ միջազգային դոնոր գործընկերների մասնակցությունը օֆշորային ընկերությանը թույլ տվեց դուրս գալ Կանադայի բորսայական շուկա և ներգրավել ինստիտուցիոնալ ներդրողների լրացուցիչ ներդրումներ՝ ի դեմս ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների։ Այսօրվա դրությամբ հիմնական վարկատուներն են մնում Orion Resource Partners-ը, Osisko Mining-ը եւ Resource Capital-ը:
Բանկի պատասխանատու աշխատակից Ֆիդանկա Մաքգրատը կարծում է, որ հանքավայրի շուրջ ընթացող իրադարձությունները զգալի վնաս են պատճառում ՎԶԵԲ-ի հեղինակությանը, նույնիսկ, այն բանից հետո, երբ ՎԶԵԲ-ի բաժնետոմսերի փաթեթը "Lydian International"-ում վերացվի: