Արմինֆո. Համավարակի հաղթահարման փուլը շարունակվում է։ Այս մասին օգոստոսի 12-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակում, որի մասին մենք վերջին մի քանի շաբաթներին խոսում ենք: Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ավելի ցածր է: Եվ այն տրամաբանությունը, որ ունենք ռեալ հնարավորություն այս թվերն իջեցնելու՝ մնում է ուժի մեջ:
Մենք նաև ունենք դրանից բխող թեթև վիճակ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային համակարգում թե՛ սովորական մահճակալների, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով, ինչպես նաև ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թվի նվազում»,-ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը նշել է, որ համավարակի հաղթահարման փուլը շարունակվում է և սահմանված կանոններն արդյունքներ տալիս են. «Մենք հույս ունենք, որ տեմպը կշարունակվի: Իհարկե, ես չեմ կարծում, որ մենք պետք է զրո թվին մոտենալու նպատակն դնենք մեր առաջ: Հավանաբար ինչ-որ թվի շրջանակում պահելը՝ 50-100-ի, մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի այն իմաստով, որ շատ դժվար է լինելու հասնել այդ զրոյին՝ նման կանոնները միայն պահելով: Այսինքն՝ սովորել կորոնավիրուսի հետ ապրելու իմաստով»: