Արմինֆո. Չորրորդ օրը շարունակվում են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիաները: Ինչպես Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է շարժման ակտիվիստ Գոհար Հունանյանը, իրավիճակն այսօր համեմատաբար հանգիստ է: "Այս պահին հանքի մոտ իրավիճակն առավոտից առանց միջադեպերի է։ "Լիդիան Արմենիա" ընկերության կողմից տեղադրված տնակներն ապամոնտաժվել են", - ընդգծել է ակտիվիստուհին:
Նշենք, որ այդ տնակները տեղադրվել էին ընկերության կողմից՝ բաց հանքում պայթեցման աշխատանքներ սկսելու համար։ Տնակները տեղադրվել էին բարձրավոլտ էլեկտրացանցերի տակ, ինչը անվտանգության տեսանկյունից անթույլատրելի է։
Հունանյանը նաև ընդգծել է, որ ամբողջ աշխարհն այսօր պայքարում է շրջակա միջավայրի պահպանման համար, մինչդեռ Հայաստանում իրավիճակը հակառակն ։ < Մենք պայքարում ենք մաքուր օդի եւ մաքուր ջրի համար: Ջերմուկը "Կարլովի Վարի" և Կիսլովոդսկի նման հանգստավայր է։ Եվ շատ ցավալի կլինի, եթե հանքի շահագործումը բացասաբար ազդի շրջակա միջավայրի վրա։ Երկրի կառավարությունը մշտապես խոսում է այն մասին, որ հանքի շահագործմամբ նոր աշխատատեղեր են բացվելու։ Բայց շրջակա միջավայրը շատ ավելի կարևոր է։ Հանքի բացասական ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն Ջերմուկի, այլեւ ողջ երկրի։ Գրեթե ողջ Ջերմուկ քաղաքը պայքարում է, որպեսզի հանքը չշահագործվի", - ընդգծել է Հունանյանը։
Ակտիվիստուհին նաեւ նշել է, որ ինքը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից, որտեղ ապրել է ավելի քան 25 տարի, եւ շատ ցավալի է, որ առողջարանային քաղաքի գեղեցիկ էկոլոգիան կարող են ավիրել մեկ օրում: "Հայրս ԽՍՀՄ-ի ժամանակ "Ջերմուկ" հանքային ջրերի գործարանի տնօրենն էր ։ Քաղաքի խնդիրներին, նրա շրջակա միջավայրին ծանոթ եմ մանկուց։ Ես 2019 թվականին հանդիպել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրան ներկայացրել եմ այդ խնդիրը։ Հուսով եմ, որ կառավարությունը վերջապես համարժեք կարձագանքի ստեղծված իրավիճակին։ Մեր յուրաքանչյուր կառավարություն սխալներ է թույլ տալիս, իսկ տուժում է ժողովուրդը։ Մենք հավատում ենք խոստումներին, բայց դրանք սուտ են դառնում", - ընդգծել է Հունանյանը ։ <Կյանքը կամ հարստացում: Կարծում եմ՝ եզրակացությունն ակնհայտ է", - եզրափակել է Հունանյանը։
Նշենք, որ Lydian Armenia-ն բրիտանական օֆշորային Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է: Բնապահպաններն ու շարքային քաղաքացիները մտահոգված են, որ ոսկու հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի եւ Սեւանա լճի ստորերկրյա ջրերի աղտոտման: Բացի ջրային ավազանից, հանրության մտահոգությունն է առաջացնում նաև հանքավայրում ուրանի երեւակումների հնարավոր առկայությունը, ինչի մասին վկայում են դեռևս խորհրդային տարիների երկրաբանական ուսումնասիրության տվյալները:
Արդեն մեկուկես տարուց ավելի է, ինչ դեպի հանք տանող ճանապարհն արգելափակված է բնապահպան ակտիվիստների կողմից ։ Այս շաբաթվանից իրավապահ մարմինները փորձել են, այնուամենայնիվ, ապաշրջափակել հանքի մատույցները, սակայն տեսանելի արդյունքների հասնել նրանց չի հաջողվել: Ակտիվիստներն ու Ջերմուկի բնակիչները ուժեղացրել են ճանապարհի արգելափակումը եւ բողոքի նստացույց են սկսել այն բանից հետո, երբ ընկերությունը հանքի աշխատանքը վերսկսելու հույսով պայթեցնողների համար ժամանակավոր կացարաններ էր տեղադրել եւ պատրաստվում էր հանքավայրում սկսել պայթեցման աշխատանքներ: