Արմինֆո. Lydian Armenia-ի վագոն-տնակները, որոնք բողոքի զանգվածային ակցիաների պատճառ էին դարձել, ապամոնտաժվել են։
Lydian Armenia-ի պահնորդական կազմակերպության՝ '"Անվտանգության հատուկ ծառայության" վագոն - տնակների ապամոնտաժումն ակտիվիստները ողղջունել են ծափահարություններով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վագոն-տնակները պետք է տեղափոխվեին 10 մետր, սակայն տվյալ հատվածում բարձրավոլտ աշտարակի առկայության պատճառով այդ տարածությունը անվտանգության միջոցառումների պատճառով կարող է ավելանալ եւս 10 մետրով: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ուժերը ՝ գործընթացը վերահսկելու նպատակով։ Ավելի վաղ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ընկերությունը տվյալ տարածքում շինարարական աշխատանքների թույլտվություն չի ունեցել: Մինչդեռ Lydian Armenia-ն բազմիցս հնչեցրել է հակառակ կարծիքը։
Հիշեցնենք, որ Ամուլսարում իրավիճակը թեժացավ այն բանից հետո, երբ օրերս Lydian Armenia-ի նոր պահնորդական կազմակերպությունը' "անվտանգության հատուկ ծառայությունը", ապամոնտաժեց կանաչ ակտիվիստների վագոն-տնակները: "Անվտանգության հատուկ ծառայությունը" Lydian Armenia ընկերության գույքի պահպանությունն իրականացնում է ս.թ. հունիսի 30-ից: Նրա գործունեությունն արդեն բազմիցս լարվածություն է առաջացրել հանքավայրի շրջանում, իսկ վերջին երեք օրվա ընթացքում հանքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում նրա չորս աշխատակիցներ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով: Հավելենք, որ բողոքի ակցիաների ընթացքում, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի բնակչությունը, բախումներ են եղել ոստիկանության հետ։ Բնապահպանների և կանաչ ակտիվիստների կարծիքով՝ իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունեցել ։ Իրավիճակը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների վերահսկողության տակ: -գ-
Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 10 տարի եւ 4 ամիս, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի: Հավելենք, որ Lydian Armenia-ն բրիտանական օֆշորային Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է: Բնապահպաններն ու շարքային քաղաքացիները մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի եւ Սեւանա լճի հանքային ստորերկրյա ջրերի աղտոտման: Բացի ջրային ավազանից, հանրության մտահոգությունն է առաջացնում նաև հանքավայրում ուրանի երեւակումների հնարավոր առկայությունը։