Արմինֆո. Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, ով հայտնի է <Ալրաղացի Լյով> մականունով, արտահանձնվել է Հայաստան:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է. <Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին:Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո>:
Նշենք, որ նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն, Սարգսյանը Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 11 տարի առաջ կատարված ավազակային հարձակման պատվիրատուն է: 2018 թվականին Սարգսյանի առանձնատանն ու բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք։