Արմինֆո. Կառավարության շենքի մոտ բերման են ենթարկվել իրավապաշտպաններ Արա Ղարագյոզյանը և Նինա Կարապետյանցը, ինչպես նաև Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող այլ քաղաքացիներ:
Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ:
ՄԻՊ գրասենյակի հաղորդման համաձայն, պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
«Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները», - ասվում է հաղորդագրությունում։