Արմինֆո. Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար վերջին բոլոր թեկնածությունների ուսումնասիրման օրինակով կարող եմ ասել, որ Հայաստանում ցանկացած դատական ատյանում դատավորների նշանակման եւ ընտրության վերաբերյալ վերապահումներ միշտ կլինեն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
"Պատճառը երկրի դատաիրավական համակարգի նկատմամբ համապարփակ, խորքային եւ, ամենակարեւորը, բովանդակային վեթտինգի բացակայությունն է։ Այդ բոլոր ատյանները շարունակում են մնալ այն ձևաչափով, որում դրանք ձևավորվել են պետության զավթման շրջանում։ Որպես արդյունք՝ ժամանակ առ ժամանակ ամենատարբեր գործերով մենք բախվում ենք խնդիրների, որոնք պայմանավորված են տվյալ կառույցներում արմատական վերափոխումների բացակայությամբ։ Որոնց առաջին փուլը, անշուշտ, պետք է լինի արմատական վեթինգը", - ընդգծել է նա։
Իրավապաշտպանը հատուկ ընդգծել է, որ համատարած վեթինգի պետք է ենթարկվեն ոչ բոլոր դատավորները։ Նրա գնահատմամբ՝ համակարգում տարբեր հանգամանքների բերումով կան մասնագետներ, որոնք չեն խաղացել այն դերը, որը խաղացել են իրենց քաղաքականացված գործընկերները ։ Վերջիններս իրենց վճիռներով ու որոշումներով կատարել են քաղաքական իշխանության պահանջներն ու հարցումները։ Ընդ որում՝ ինչպես քաղաքական հայացքների համար ազատազրկման տեսքով, այնպես էլ ունեցվածքից զրկելու տեսքով ՝ նույն քաղաքական իշխանության կոռուպցիոն շահերի իրացման նպատակով։
Սաքունցի խոսքով՝ նման դատավորների, քննիչների և դատախազների հստակ ցուցակը հայտնի է։ Եվ քանի դեռ այդ մարդիկ դատաիրավական համակարգի մաս են կազմում, վերջինիս նկատմամբ վստահությունը միշտ էլ կասկածի տակ է դրվելու հասարակության շրջանում։ Իրավապաշտպանը շեշտել է դեռ երկու տարի առաջ, օրինակ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ նշանակվելու անհնարինությունը ՝ առանց քաղաքական որոշման, առնվազն, այդ հարցում իշխանության համաձայնության։
"Այսօր էլ նման քվեարկություններում վճռորոշ է դառնում նախկին իշխանության օրոք դատավորների ինքնակառավարման համակարգում ստեղծված իրավիճակը։ Եվ հանգամանքը, որ բավականին դրական բեքգրաունդ ունեցող Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը դատավորների ընդհանուր ժողովի կողմից չի ընտրվել ՍԴ դատավոր, խոսում է այն մասին, որ այդ իրավիճակը դեռ չի փոխվել", - ընդգծել է Սաքունցը։
"Նույնը վերաբերում է դատախազությանը եւ քննչական մարմիններին։ Հասկանալի է, որ անցյալի կանոններով կազմակերպված, առանց թափանցիկության ապահովման, մեզ անհայտ բոլոր չափանիշների կիրառմամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրումը չի վերականգնում դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։ Ասել է թե՝ ի սկզբանե դրված նպատակը՝ դատարանների նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը, մնում է չիրագործված", - ամփոփել է իրավապաշտպանը ։