Արմինֆո. Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն:
Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև: