Արմինֆո. Հայաստանում ուշադիր լսում են հարևան պետության գերագույն գլխավոր հրամանատարի ելույթներին ։ Այս մասին Արցախ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին ռազմատենչ հայտարարություններին, այդ թվում ՝ նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին ։
<Նա (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ․-խմբ.) նշել է, որ քանի դեռ ուշ չէ, Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն իր նշած տարածքները: Նախ ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի մեր վարչապետն ու Արցախի նախագահը հանդես են գալիս այլ բնույթի հայտարարություններով, հակառակը ՝ խաղաղասիրության դիրքերից, կոչ անելով շարունակել բանակցային գործընթացը՝ մեզ համար անհասկանալի են նման արտահայտությունները ։ Ես ՝ որպես Հայաստանի պաշտպանության նախարար, կուզենայի հասկանալ ՝ քանի ուշ չէ, դա ե՞րբ է, քանի որ մեր վերլուծական կարողությունները մեզ թույլ չեն տալիս հասկանալ, թե այդ ուշը երբ է>, - ասել է նա ։
Միևնույն ժամանակ, Տոնոյանը փաստել է, որ նույնպիսի հայտարարություններով են հանդես գալիս նաև ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ ՝ հայտարարելով, որ պատրաստ են մարտական գործողություններ սկսել և սպասում են միայն հրամանի։ <Նախ այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի։ Երկրորդ ՝ Տավուշի ուղղությամբ վերջին մարտական գործողությունները վառ վկայությունն են այն բանի, որ կարճ ժամանակահատվածում, չնայած հակառակորդի կողմից գերժամանակակից միջոցների օգտագործմանը, այնուամենայնիվ, հաջողությունների չեն հասել ։ Ընդհակառակը, լուրջ կորուստներ են ունեցել>, - ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ։
Նկատենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով ՝ սպառնալով ուժային ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ։ Ռազմատենչ բնույթի վերջին հայտարարությունը նախօրեին հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շուրթերից՝ երկրի մարզերից մեկը կատարած այցի ընթացքում: