Արմինֆո. Հայկական պատվիրակությունը կմասնակցի օգոստոսի 23-29-ը Ռուսաստանում կայանալիք <Բանակ-2020> միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Այս մասին ԱրմԻնֆո - ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը ։
Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանի պատվիրակության կազմի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի ավելի ուշ, քանի որ մինչև միջոցառումը դեռ մեկ ամիս կա:
Նշենք, որ ավելի քան 1,5 հազար ընկերություն սպառազինության եւ տեխնիկայի ավելի քան 28 հազար նմուշ կներկայացնի <Բանակ-2020> միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 23-29-ը Ռուսաստանում։ Այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության գիտահետազոտական գործունեության եւ առաջավոր տեխնոլոգիաների տեխնոլոգիական ուղեկցման գլխավոր վարչության կոնգրեսացուցահանդեսային գործունեության վարչության պետ Օլեգ Կուլակովսկին:
Նրա խոսքով՝ համաժողովի մասնակիցների թվի կրճատման վրա ազդել է կորոնավիրուսի համավարակը:<Ստեղծված համաճարակային իրադրությունն, անկասկած, դժվարեցրել է համաժողովին նախապատրաստվելը՝ հատկապես արտասահմանյան պետությունների մասնակցության առումով: Պաշտոնական հրավերներ են ուղարկվել 133 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին>,- ասել է նա:
Կուլակովսկին նշել է, որ հրավերին արձագանքած 11 պետություններ ներկայացվելու են բարձր մակարդակով: Դրանց թվում են՝ Հայաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Հունաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը և այլն: