Արմինֆո. Թուրքիայի՝ այսօր նկատվող արտաքին քաղաքական ոճը, ի թիվս այլ բաների, հետևողականորեն ոտնահարում է միջազգային տարբեր չափանիշներ, նորմեր և կանոններ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
<Անտեսելով այս ամենը ՝ Անկարան գերադասում է խոսել աշխարհի, առաջին հերթին հարևան պետությունների հետ ուժի, զենքի, իր ապակառուցողական քաղաքականության դիրքերից ։ Այն, ինչ հիմա կատարվում է թուրքական քաղաքական հռետորաբանության մեջ, հասարակական տրամադրություններում, արտաքին ու ռազմական քաղաքականության մեջ, հստակ ցուցիչներ են, որ Թուրքիան խոսելու է ոչ թե միջազգային չափորոշիչներով, ոչ թե խոսելու է Մինսկի խմբի համանախագահների ընդունված ձևաչափով, ոչ թե խոսելու է բանակցություներում միջազգային տարբեր նորմերի դիտանկյունից, այլ խոսելու է ուժի դիրքերից>, - ընդգծել է նա ։
Մեկնաբանելով վերջին շրջանում Անկարայի կողմից Հայաստանի հասցեին հաճախակի դարձած սպառնալիքները՝թուրքագետը չի բացառել, որ որոշակի փուլում Թուրքիան կարող է փորձել ինչ-որ չափով դրանք իրականացնել: Նրա կարծիքով ՝ դա կարող է դրսևորվել սահմանին սադրանքի, Նախիջևանից զորքերը դուրս բերելուց հրաժարվելու տեսքով և այլն: Վերջինս, ըստ փորձագետի, հոգեբանական խնդիր է ՝ Նախիջևանը շատ մոտ է Երևանին:
Մելքոնյանը չի բացառում նաև Թուրքիայի միջնորդավորված գործունեությունը, օրինակ` Ադրբեջանի միջոցով, ադրբեջանական բանակի հագուստով իրենց զորքերի մասնակցությունը ռազմական գործողությունների։ <Ուստի, ՀՀ անվտանգային ֆորմատները՝ Մինսկի խումբը, ՀԱՊԿ-ն, ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է ավելի ակտիվացնել։ Կարող ենք ասել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կարող են լինել զսպող մեխանիզմ լայնածավալ ռազմական գործողությունների դեմ, սակայն Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի դիմակայել Թուրքիայի լոկալ մակարդակի ապակառուցողական քայլերին>,- ասել է նա։
Այս առումով Հայաստանը, ըստ թուրքագետի, պետք է ամենակոշտ կերպով կանխի Անկարայի բոլոր ոտնձգությունները՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբում իր դերի մեծացմանը։ Նրա կարծիքով, Երեւանը պետք է էլ ավելի խստացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի մասնակցության անընդունելիության մասին որդեգրած գիծը: <Անհրաժեշտ է նաեւ ուշադիր հետեւել ոչ միայն ընթացիկ, այլեւ մնացած բոլոր զորավարժություններին ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ ։ Մասնավորապես՝ հետևել, թե արդյոք թուրքական զորախումբը Նախիջևանից դուրս կբերվի զորավարժությունների ավարտից հետո ։ Սա ամենակարևոր հարցն է, որը պետք է գտնվի Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում ՝ հաշվի առնելով ցանկացած միջազգային նորմեր ոտնահարելու Անկարայի պատրաստակամությունը ։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած թուրքական անակնկալի>, - ամփոփել է թուրքագետը։