Արմինֆո.Ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Հնարավոր է, այդ հայտարարությունը ալեգորիկ նշանակություն ունի ՀՀ իշխանության համար, բայց փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում։ Այս մասին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
<Ու երբ դրա հետ զուգահեռ ասվում է` պետք է լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես ենք մենք համադրելու <Արցախը Հայաստան է, և վերջ> բանաձևը այն տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Ես չգիտեմ, թե որտեղ են հատվում այդ երկու բանաձևերը: Կարծում եմ, որ հենց այդ թելն է կտրել տրամաբանված, հետևողական կարգավորման բովանդակությունը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ կերպ չի կարող հրաժարվել և չի հրաժարվում Ղարաբաղից>,- ասել է Քոչարյան։ Նրա խոսքով՝ պատահական չի, որ վերակենդանացվեց ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը այսօր։ <Իմ տպավորությամբ նաեւ պատահական չի, որ ՀՀ նոր անվտանգության ռազմավարության մեջ չկա ԼՂՀ բառը եւ ԼՂՀ ժողովուրդ բառը, այլ կա ազգաբնակչություն: Սա բավական հետաքրքիր ձեւով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքի հետ: Սա պատահականություն չէ, միգուցե պատահականություն է, բայց շատ մտահոգիչ է>,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Քոչարյանը նաև նշել է, որ 88-ից ի վեր Հայաստանի իշխանություններն Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա. <Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների եւ տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ է: Այս դաշտում հարցը լուծում չունի: Թելը կտրելը կապված է նրա հետ, որ տպավորությունս այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ՝ հարցի կարգավորումը այսօրվա իշխանությունը ի՞նչ սկզբունքի վրա է դնում>,-նշել է Քոչարյանը։