Արմինֆո. Վտանգավոր է, երբ մարդիկ չեն հասկանում հարցի կարևորությունը, բայց զբաղվում են այդ հարցով: Այս մասին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
<Պետք է կարդալ ԼՂՀ անկախության հռչակագիրը, բանակցությունները պետք է բխեն այդ հռչակագրից: Ամեն ինչի համար հիմք է պետք: Եթե դրանք չկան կամ եթե օրական մի հիմք ես գտնում, դրա հետևանքները լավ չեն լինում: Սակայն, կարծում եմ, որ բանակցային գործընթացը դեռ կարելի է հետ բերել>,- ասել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակցությունները դադարեցնելու մտադրության մասին հայտարարությանը, ՀՀ երկրորդ նախագահը նշել է. <Բանակցություններն ավելի լավ են, քան ցանկացած պատերազմ, բայց շանտաժի ենթարկվել չի կարելի: Պետք է սկզբունքայնություն դրսևորել: Այո, ռիսկեր կան, բայց մենք միշտ գնացել ենք ռիսկի և հաջողել ենք: Չեն ուզում բանակցել, ուրեմն չենք բանակցի: Երբ իրենք հասկանան, որ բանակցություններին այլընտրանք չկա, դրանք կվերականգնվեն>: