Արմինֆո.Ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից մեզ մոտ ավելի վտանգավոր իրավիճակ է, քան 2 տարի առաջ։ Այս մասին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը փորձել է բարելավել մարտական դիրքերը, եւ հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլեւ արժանի հակահարված են տվել՝ բարելավելով իրենց դիրքերը:
<Փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը՝ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել հայկական գյուղերը։ Ըստ էության, մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը։ Իսկ դիրքային առավելությունը չափազանց կարևոր է։ Ընդհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի։ Սա տևելու է շատ և շատ երկար, և եթե քո դիրքը հարմար, ապա դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, և հակառակը՝ մյուս կողմի համար>,–ասել է Քոչարյանը` նշելով, որ վերջին 2 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի արվել դիրքերը բարելավելու ուղղությամբ։
Ըստ նրա` այս ամենից պետք է հետևություններ անել, որովհետև պարզվեց՝ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը այդքան էլ խաղաղասեր չէ, և Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։
<Նույնիսկ պատերազմի ժամանակ` 91-94 թվականներին, այսպիսի բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել։ Մենք այսօր ունենք ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում։ Այս 2 հանգամանքը միանում են իրար, և պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում>,- ընդգծել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի, որ այս երկու տարիների ընթացքում սխալ քաղաքականություն է վարել այդ հարցի վերաբերյալ: