Արմինֆո. Հայաստանի համար ժամանակակից Թուրքիայից բխող սպառնալիքները ոչ մի կերպ չեն նշանակում, որ թուրքական զորքերը մոտ ժամանակներս ներխուժելու են Հայաստան կամ պատրաստվում են դա անել։ ԱրմԻնֆո-ին աայդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։
"Ես այդ մասին ասում եմ՝ նպատակ ունենալով փարատել իրենց փորձագետ համարող որոշ մարդկանց կողմից տարածվող խուճապը այսօրվանից անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների առնչությամբ։ Բանը հասնում է նրան, որ այդ մարդիկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հերթական համատեղ զորավարժությունները գնահատում են որպես Հայաստան ներխուժման նախապատրաստություն", - նշել է նա։
Հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 10-ն Ադրբեջանն ու Թուրքիան հերթական, պլանային, համատեղ զորավարժություններն են անցկացնում Բաքվում, Նախիջեւանում, Եվլախում, Գյանջայում եւ Կյուրդամիրում: Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների զինված ուժերի անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանին եւ ականանետերը, ռազմական ավիացիան եւ ՀՕՊ միջոցները:
Թուրքագետն ընդգծել է, որ Անկարան և Բաքուն համատեղ զորավարժություններ են անցկացնում ոչ առաջին անգամ։ Առաջին անգամ չէ, որ այդ զորավարժություններն անցկացվում են նաև Նախիջևանի տարածքում, ինչպես նաեւ առաջին անգամ չէ, որ դրանց ընթացքում մշակվում են Հայաստանի նկատմամբ հարձակման կամ հակագրոհի պլաններ։ Նաև առաջին անգամը չէ, որ Անկարան հանդես է գալիս Ադրբեջանին սատարող կոշտ հայտարարություններով։
2000-ականների Թուրքիայի հետ համեմատած՝ այդ երկիրը, Գաբրիելյանի գնահատմամբ, Ռեջեփ Էրդողանի և նրա թիմի կառավարման շրջանում իսկապես շատ է փոխվել։ Եվ արդեն այսօր իրական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Ըստ այդմ, թուրքաադրբեջանական ներկայիս զորավարժություններն էլ պետք է դիտարկել ՝ հաշվի առնելով այդ սպառնալիքը ։ Ըստ թուրքագետի ՝ Հայաստանը դրանց պետք է ուշադիր հետևի, զգոնություն ցուցաբերի, ամենատարբեր ուղղություններով քայլեր նախաձեռնի՝ Անկարայի տարածաշրջանային նկրտումներն ու ախորժակը զսպելու նպատակով։
"Այդուհանդերձ, Հայաստանի համեմատությունն Իրաքի, Սիրիայի և այժմ արդեն Լիբիայի հետ տեղին չի թվում։ Առավել ևս, հնարավոր չէ հիմնավորել Հայաստան Թուրքիայի ռազմական ներխուժման քաղաքական և աշխարհաքաղաքական նախադրյալները, հավանականությունը։ Չափազանց տարբեր են իրավիճակները, չափազանց տարբեր է աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, գլոբալ եւ տարածաշրջանային խաղացողների շահերը: Այս փուլում նման հեռանկարի մասին խոսելն ու դիտարկելն անտեղի է թվում", - ամփոփել է թուրքագետը։