Արմինֆո. Ռուսաsտանի անվտանգության դաշնային ծառայությունում (ԱԴԾ) կազմել են այն տարածաշրջանների ցուցակը, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական հակամարտության սրման ռիսկի գոտում։ Այս մասին հաղորդել է URA.RU-ն՝ վկայակոչելով կառավարմանն առնչվող աղբյուրը: Նա հավելել է, որ ռիսկի գոտում ներառված են Մեծ Ուրալի երկու տարածաշրջաններ՝ Կուրգանի մարզն ու Պերմի երկրամասը։
"Հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ Ռուսաստանի շատ տարածաշրջաններ հատուկ հսկողության տակ են վերցրել այդ խնդիրը եւ համայնքների հետ աշխատանքը ", - պատմել է URA.RU-ի աղբյուրը: Նրա տվյալներով ՝ այդ ցուցակում են հայտնվել Կուրգանի մարզն ու Պերմի երկրամասը։ Նա պարզաբանել է, որ այդ երկու տարածաշրջաններում, ինչպես Մոսկվայում եւ երկրի այլ սուբյեկտներում, ԱԴԾ-ն ուշադիր հետեւելու է հայերի եւ ադրբեջանցիների փոխգործակցությանը:
Պերմի երկրամասի ուժային գերատեսչության աղբյուրը URA.RU-ին հաղորդել է, որ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացնում ԱԴԾ-ի եւ ծայրահեղականությանը հակազդման կենտրոնի օպերատիվ աշխատակիցները. ուժայինները ստուգում են ազգային զանգվածային կուտակումների վայրերը, իսկ տեղի համայնքների ղեկավարներին պրոֆիլակտիկ զրույցի են կանչում, սակայն երկրամասում բախումներ դեռ չեն եղել: Նման ուժեղացված ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածաշրջանում մեծ են ադրբեջանական և հայկական համայնքները։
Ընդ որում, Կուրգանի մարզի ուժային գերատեսչություններում URA.RU-ի աղբյուրները վստահեցնում են, որ չեն ուժեղացրել համայնքների նկատմամբ վերահսկողությունը։ Այս պահին այդ երկու ազգերի ներկայացուցիչների միջեւ հակամարտություն չի եղել։
Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում իրավիճակին հետեւում են տեղի համայնքները։ "Կան մտավախություններ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով կարող է սկսվել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ազդեցության ոլորտների վերաբաշխում։ Բայց հիմա նրանց միջեւ բաժանված են շուկաները: Համայնքներում վտանգների մասին տեղյակ են եւ սկսել են ուշադիր հետեւել ցանկացած հակամարտության", - URA.RU-ին հաղորդել է ԱԴԾ-ին մոտ աղբյուրը:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի մարզային վարչության մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը: Պերմի երկրամասի եւ Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի վարչությունների մամուլի ծառայությունների հետ չի հաջողվել կապ հաստատել: