Արմինֆո.ՀԱՊԿ անդամ պետությունները հավասարակշռված դիրքորոշում են որդեգրել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԲԿ-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանը օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին, եւ դա շատ կարեւոր փաստ է։ Հայկական կողմը, շարունակել է վարչապետը, միայն տեղեկացրել է ՀԱՊԿ մշտական խորհրդին ընթացիկ իրավիճակի մասին, սակայն օգնության համար պաշտոնական Երեւանը չի դիմել: Իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների հայտարարություններն ուղղված էին իրավիճակի կայունացմանը։
Պատասխանելով հակամարտության մեջ Հայաստանի կողմից Ռուսաստանի ներգրավման հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կտրականապես բացառել է այդ հավանականությունը: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է՝ որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Զինված դիմակայության ժամանակ Ռուսաստանը կառուցողական դիրքորոշում է որդեգրել։ ՀՀ կառավարության ղեկավարն արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը եզակի հարթակներից է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդյունավետ համագործակցում են, ինչը հանդիսանում է տարածաշրջանի կայունության գրավականը: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ հակամարտության ժամանակ չի շփվել ոչ նախագահ Պուտինի, ոչ նախագահ Թրամփի հետ: Իրավիճակը քննարկվել է միայն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը և փորձել հարձակվել նրանց վրա: Հայկական կողմից պատասխան կրակից հակառակորդը վերադարձել է իր ելման դիրքեր՝ կրելով կորուստներ: Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական զինուժը վերսկսել է հայկական դիրքերի գնդակոծությունը: Մինչև հուլիսի 17-ը որոշ ընդմիջումներով գնդակոծվել են նաև սահմանամերձ հայկական գյուղերը ։ Ադրբեջանը կորցրել է առնվազն 13 մարդ ։ Հայկական կողմի զոհերի թիվը հասել է 5-ի։